29-ամյա Անկախ Հայաստանը չեմպիոնական հարուստ պատմություն ունի (original) (raw)

Հայաստանի անկախության ճանապարհի սկիզբը մեկնարկեց 1990 թ-ի օգոստոսի 23-ին։ ՀՀ գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, ըստ որի ՀԽՍՀ-ն կազմալուծվեց և ձևավորվեց նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: Գերագույն խորհրդի որոշումն իր տրամաբանական հանգուցալուծումն արդեն ստացավ 1991թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի տարածքում անցկացված հանրաքվեով։

Սա Հայաստանի՝ թվով արդեն երրորդ անկախությունն էր:

Բոլորն էլ կփաստեն, որ այլ բան է, երբ քո երկրի մարզիկը ներկայացնում է ամբողջ Խորհրդային Միությունը, և այլ բան է, երբ ներկայացնում է մի քանի միլիոն բնակչություն ունեցող քո ԱՆԿԱԽ հայրենիքը:

29 տարի առաջ հայ մարզիկները վերջապես հնարավորություն ստացան չեմպիոն դառնալիս բարձրացնել Հայաստանի դրոշն ու հնչեցնել հայոց հիմնը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ից ի վեր հայկական սպորտի համար նոր դարաշրջանի սկիզբ դրվեց: Նորանկախ Հայաստանը նաև սպորտային ասպարեզում սկզբնական հատվածում մի շարք դժվարությունների բախվեց: Այդ ժամանակ, նման պայմաններում ցանկացած հայ մարզիկի գրանցած հաջողությունը մեկ այլ ուրախությամբ էր ընդունվում:

Անկախություն ընդունելու հաջորդ իսկ տարում Բարսելոնայի Օլիմպիական խաղերն էին, որտեղ Հայաստանն ունեցավ 3 չեմպիոն, մեկ փոխչեմպիոն:

Դժվար է պատկերացնել, բայց Հայաստանը մրցավայր էր մեկնել 5 մարզիկով, և, փաստացի, միայն մեկ մարզիկ չկարողացավ հաջողության հասնել: Իսրայել Միլիտոսյանը, Մնացական Իսկանդարյանը, Հրաչյա Պետիկյանը կանգնեցին պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին, իսկ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը նվաճեց արծաթե մեդալ:

Սակայն 1992 թ-ին Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս ԱՊՀ ընդհանուր հավաքականի կազմում:

Հայաստանի հավաքականի օրհներգն աշխարհի առաջնություններում առաջին անգամ հնչեց 1993 թ-ին: Բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ թեթևագույն քաշային կարգում հավասարը չուներ Նշան Մունչյանը:

Բռնցքամարտում մինչ օրս այլ աշխարհի չեմպիոն չենք ունեցել: Եվրոպայի առաջնություններում չեմպիոն են դարձել Էդվարդ Համբարձումյանը (2008թ.), Հովհաննես Դավթյանը (2008թ.), Հրաչիկ Ջավախյանը (2010թ.), Հովհաննես Բաչկովն (2017թ., 2019թ.) ու Արթուր Հովհաննիսյանը (2019թ.):

Օլիմպիական խաղերում հաջորդ ոսկին եկավ 1996 թ-ին՝ Ատլանտայից: Ըմբիշ Արմեն Նազարյանը եզրափակչում խելահեղ հաղթանակի հասավ ամերիկացի ըմբիշի նկատմամբ, սակայն Արմենը հեռացավ հետագայում Հայաստանից ու 2000 թ-ին Բուլղարիային բերեց Օլիմպիական ոսկի, իսկ 2004-ին՝ բրոնզե մեդալ:

Ցավոք, Հայաստանը հաջորդ Օլիմպիական ոսկուն ստիպված եղավ սպասել 20 տարի: Սակայն, միգուցե, արժեր: Ռիոյի ՕԽ-ի ժամանակ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն իր քաշային կարգում հավասարը չուներ: Պարգևատրման ժամանակ Ալեքսանյանը պատվո հարթակին կագնեց ապրիլյան քառօրյա պատմերազում կյանքի գնով հողը պահած ՀԵՐՈՍ Ռոբերտ Աբաջյանի նկարով շապիկով:

Նույն օրը կարող էինք ևս մեկ ոսկե մեդալ ունենալ, բայց Միհրան Հարությունյանի դեմ կողմնապահությունը ստիպեց չարանալ ամբողջ ՕԽ-ի կազմակերպիչների դեմ: Այդ հարցում մեզ օգնեց մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը, ով ուղիղ եթերում չէր կարողանում զսպել էմոցիաները.

«Սա՞ է Ձեր Օլիմպիական Խաղերը: Այսպե՞ս եք Օլիմպիական խաղերում խաղարկություն հաստատում: Թքել եմ ես Ձեր Օլիմպիական Խաղերի վրա: Խայտառակությու՛ն»,-ուղիղ եթերում ասաց Գիլոյանը:

Ռիոյում արծաթե մեդալ նվաճեց ծանրորդ Սիմոն Մարտիրոոսյանը: Հետագայում հայտնի դարձավ, որ Մարտիրոսյանին կարող է տրվել ոսկե մեդալ, քանի որ այս պահի դրությամբ իրական ոսկե մեդալակրի մոտ հետագայում անթույլատրելի խթանիչներ հայտնաբերվեցին:

Շախմատում ևս Հայաստանը մեծ հետք ունի: Մեր թիմը Համաշխարհային 3 Օլիմպիադայում դարձել է հաղթող: 2006, 2008 և 2012 թթ-ին Հայաստանը առաջ անցավ համապատասխանաբար Չինաստանից, Իսրայելից ու Ռուսաստանից: Մեր թիմը նաև երեք անգամ նվաճել է Օլիմպիադայի բրոնզե մեդալները:

Ըմբշամարտում լավ ավանդույթներ ունենք նաև Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: Ըմբշամարտի անկախ Հայաստանի Աշխարհի չեմպիոններն են՝ Աղասի Մանուկյան (1993թ.), Մնացական Իսկանդարյան (1994թ.), Վաղինակ Գալստյան (2001թ.), Արսեն Ջուլֆալակյան (2014թ.), Արթուր Ալեքսանյան (2014թ., 2015թ., 2017թ.), Մաքսիմ Մանուկյան (2017 թ.), Արայիկ Գեւորգյան (1995 թ.,1997թ., 1998թ.), Արամ Մարգարյան (2002թ.), Դավիթ Սաֆարյան (2013թ.). վերջին երեքը՝ ազատ ոճում:

Ծանրամարտում Անկախ Հայաստանն ունեցել է 4 Աշխարհի չեմպիոն: 2009 թ-ին Նազիկ Ավդալյանը աշխարհում հավասարը չուներ: Նույն կարգավիճակում 2010 թ-ին Տիգրան Մարտիրոսյանն էր: 2018 ու 2019 թթ-ին Սիմոն Մարտիրոսյանը մեկ գլուխ բարձր էր բոլորից: 2019 թ-ին Աշխարհի չեմպիոնի քաղցրությունը ճաշակեց նաև Հակոբ Մկրտչյանը:

Սամբոյում ևս հարուստ ավանդույթներ ունենք: Կարող ենք մեզ շքեղություն թույլ տալ ու հաշվել 1991 թ-ի ԱԱ-ում նվաճած 3 ոսկիները ևս: Այդ տարի հավասարը չունեին Գագիկ Ղազարյանը, Գուրգեն Թութխալյանն ու Արթուր Գրիգորյանը: Հետագայում նրանց ճանապարհը բռնեցին Հովիկ Մանուկյանը (1993թ.), Երվանդ Գրիգորյանը (1997թ., 1998թ.), Քրիստինե Նաջարյանը (1998թ., 2004թ.), Արևիկ Կարապետյանը (1999թ.), Աշոտ Դանիելյանը (2010թ.), Մավրիկ Նասիբյանը (2014թ.), Գրիգոր Մխիթարյանն (2017 թ․) ու Տիգրան Կիրակոսյանը (2017 թ․):

Հրաձգությունում երկար տարիներ Հայաստանի պատիվը բարձր է պահել Երջանիկ Ավետիսյանը՝ 1994, 1999, 2001 ու 2006 թթ-ին հռչակվելով Աշխարհի չեմպիոն:

Նավամոդելային սպորտում Հրաչյա Շահազիզյանը 1994, 2001, 2003, 2011թթ-ին աշխարհում լսելի է դարձրել Հայաստանի անունը:

2011 թ-ին շախմատի Հայաստանի հավաքականը դարձել է Աշխարհի չեմպիոն: Չեմպիոնական թիմում եղել են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:

Եվրոպական ասպարեզում բռնցքամարտից զատ հաջողություններ ենք ունեցել նաև շախմատում, ըմբշամարտում, ծանրամարտում, աթլետիկայում, թաեքվանդոյում, ձյուդոյում, հրաձգությունում ու սամբոյում:

Եվ հավատացնում ենք, որ սա դեռ երկար ճանապարհի սկիզբն է: Դեռ շատ ենք ցատկելու ու գոռալու Հա-յաս-տաաաա՜ն: Դեռ շատ ենք հուզվելու՝ լսելով Հայաստանի պետական օրհներգը, բայց նաև վստահ ենք, որ դեռ ցավալու ենք նաև անհաջողությունների համար, քանի որ պարտությունն էլ սպորտի բաղկացուցիչ մասն է:

Եվ վերջում, մեծ հույս ունենք, որ առաջիկայում կուրախանանք նաև թիմային մարզաձևերի հաջողություններով, մասնավորապես՝ ֆուտբոլի: Այդ ասպարեզում վաղուց եկել է քայլ անելու ժամանակը…

Արմեն Գարամյան