Ուսումնական այց Micro-GEAR Էրազմուս+ ծրագրի շրջանակներում – Armenic (original) (raw)
- Home
- Նորություններ և իրադարձություններ
- Ուսումնական այց Micro-GEAR Էրազմուս+ ծրագրի շրջանակներում
Ուսումնական այց Micro-GEAR Էրազմուս+ ծրագրի շրջանակներում
2024թ․ հունիսի 4-5-6-ին «Միկրոորակավորումներ Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության համակարգերի համար /Micro-GEAR) Էրազմուս+ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ուսումնական այց Իտալիա՝ Հռոմի եվրոպական համալսարան: Micro-GEAR ծրագրի նպատակն է աջակցել Հարավային Կովկասի տարածաշրջանում բարձրագույն կրթության ոլորտում կառուցվածքային բարեփոխումներին՝ հիմնականում միկրոորակավորումների համակարգի ներդրմանը և բարելավմանը Հայաստանում և Վրաստանում՝ որպես բարձրագույն կրթության բարելավման և ճկունության մեծացման գործիք։ Ուսումնական այցի նպատակն էր աջակցել Հարավային Կովկասի միկրոորակավորումների վերաբերյալ ստատուս-քվո փաստաթղթի և ճանապարհային քարտեզի սահմանմանը:
Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչները Վրաստանի և ԵՄ գործընկերների հետ միասին մասնակցեցին ուսումնական այցին։ Հայաստանի և Վրաստանի գործընկեր հաստատությունների փորձագետները հնարավորություն ունեցան իրականացնել փորձի և գիտելիքների փոխանակում, ծանոթանալ միկրոորակավորումների եվրոպական փորձին, տեղեկանալ Իտալիայի ներկայիս կրթական համակարգում միկրոորակավորումների ինտեգրմանը և մշակել ազգային համատեքստում դրանց ներդրման մեթոդաբանություն:
Ուսումնական այցի ընթացքում Իտալիայի CIMEA – NARIC-ի տնօրենը ներկայացրեց Իտալիայում միկրոորակավորումների հետ կապված իրավիճակը՝ կենտրոնանալով ներկայումս առկա օրինակի վրա՝ Հռոմի եվրոպական համալսարանի կողմից շնորհվող գնահատման մասնագետի դասընթացի վկայական և CIMEA-ի և APICE-ի կողմից բարձրագույն կրթության ոլորտում հաստատված միկրոորակավորում՝ «Որակավորման գնահատման մասնագիտացված վկայական»:
Ուսումնական այցի մասնակիցները հնարավորություն ունեցան գործածել Micro-Evaluator գործիքը՝ Հռոմի եվրոպական համալսարանի կողմից շնորհված միկրոորակավորման ճանաչման համար: Բացի այդ, Հռոմի եվրոպական համալսարանի ներկայացուցիչները ներկայացրեցին, թե ինչպես են միկրոորակավորումները ինտեգրված համալսարանի ընթացիկ ակադեմիական գործընթացում՝ որակի ապահովման չափանիշներին համապատասխան, ինչպես նաև համալսարանում ներդրված թվային կրծքանշանների համակարգը:
Ուսումնական այցն ամփոփվեց ղեկավար անձնակազմի նիստով և կոնսորցիումի հանդիպմամբ, որի ընթացքում ծրագրի գործընկերները քննարկեցին ծրագրին առնչվող տարբեր հարցեր և առաջիկա գործառույթները: