Ով է շտապում - Ազգ (original) (raw)

Հայաստանում կյանքը մանրից մտնում է արձակուրդային փուլ, մի քանի ընթացիկ քննարկում դեռեւս մի փոքր կենդանություն են տալիս քաղաքական կյանքին, եթե այդպիսին կա: Շուտով դուբայներ, կիպրոսներ եւ ֆլորենցիաներ կչվեն բոլորը` ե՛ւ հայրենիքի փրկիչները, ե՛ւ «իրական Հայաստան» կերտողները, ազգովին մի երկու ամիս կմնանք առանց փրկիչ եւ առանց հակափրկիչ, ի՞նչ ենք անելու` չգիտենք: Դե մերոնք մի ուրիշ կարգի նրբիկ փրկիչ ու գործիչ են, հո Ալիեւը չեն, որ ամառ օրով արտահերթ ընտրություն է անում` աշնանը շարունակելու համար պինդ մեջքով իր նպատակների իրագործումը, այդ թվում` Հայաստանի հանդեպ իր անկուշտ ախորժակի նորանոր դրսեւորումների իրացումը:

Մյուս կողմից, այդպես ավելի լավ է միգուցե, քանի որ շատախոսությունը, կեղծ թեմաները, որ տեսադաշտ էին փակում, սքողում բուն կատարվողն ու սպասվելիքը, գոնե ժամանակավոր դադար կառնեն, իրականության ռեալիստական պատկերը բացելով, որը մխիթարական չէ եւ ուղերձ ունի, որ ընդամենը երկու ամիս հետո կսկսվի բազմաթիվ զուգահեռ գործընթացներով այնպիսի բրոունյան շարժում, որտեղ բազմաթիվ վտանգներ կլինեն Հայաստանի համար, իրար հաջորդելիք իրադարձություններն էլ չեն թողնի շունչ քաշենք:

Մի քանի նախանշանային իրողություն, որ անկանխատեսելի աշնան մատնացույց են:

Հունիսի 21-ին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցած լսումները՝ «Հայաստանի` Եվրոպական Միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով (հանրաքվեն առաջարկում են Արամ Զ. Սարգսյանի, Արման Բաբաջանյանի, Լեւոն Շիրինյանի եւ Տիգրան Խզմալյանի ղեկավարած եվրոպամետ կուսակցութունները) ավելի շատ հարցեր առաջադրեցին , քան պատասխաններ ունեցան: Աժ ամբիոնից Ա. Բաբաջաբյանի կախած ԵՄ դրոշից նյարդայնացած ԱԺ եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի` անգամ հաջորդ օրը Հանրային հեռուստատեսությանը տված պատասխաններից հայտնի չէր` Հայաստանն ուզո՞ւմ է ռեալ քայլեր անել այդ ուղղութամբ, թե՞ ԵԱՏՄ-ում գտնվելու տնտեսական շահն այս պահին պահանջում է հարցն անորոշ կախել օդում: Մինչեւ` «յա էշը սատկի, յա էշատերը»: Մինչ այդ`քաղաքական մեծամասնությունը հարկ է համարում հնարավորինս անորոշ պահել հարցը` իրո՞ք ԵՄ ենք գնում (էլ չասած` արդյոք մեզ հրատապ սպասո՞ւմ են ԵՄ-ում, որ միայն հանրաքվեն է մեզ պակաս), դո՞ւրս ենք գալիս ԵԱՏՄ-ից, թե՞ ոնց: Մանավանդ` հանրաքվե անում են այն պահին, երբ համարյա թե վճռել ես ինչ- որ քայլ, եւ ժողովրդի կարծիքն ես հարցնում` ստուգելու վճռիդ իրավացիությունը:

Տպավորություն է, որ աշնանն այնպիսի տեկտոնական բաներ կարող են լինել, որոնցից տեղյակ է իշխող մեծամասնությունը եւ աշխատում է այս կարգի հարցերն առայժմ անորոշ պահել:

Գերհագեցած աշնան նախանշան կարելի համարել նաեւ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան- ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա վերջին սրացումը: Գրիգորյանն ասում էր` Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղն ու հանձնել Ադրբեջանին, Զախարովան` թե բա սեփական ժողովրդիդ ինչո՞ւ ես նեղացնում, որը կռվում էր սեփական տարածքների համար եւ մեռնում պատմական արդարության համար: Հա՞: Էս ի՞նչ է փոխվել, էլ Արցախն Ադրբեջանի տարածք չէ՞, ինչպես Փաշինյանին հետեւելով Պուտինն էր կարծում: Ռուսաստանն ինչ-որ նոր քայլեր ունի՞: Ինչի՞ց հետո:

Զուգահեռ եթե տեսնեք, թե վերջին օրերին ինչեր են հնչեցրել ամերիկացիք, որոնք այլեւս բաց են խոսում իրենց նպատակների մասին, շատ բան կարելի է ենթադրել: Նախկին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը գովում է Փաշինյանին`տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու համար, դա ճիշտ ուղի համարելով եւ բարձրաձայն երազելով` մնաց Սյունիքի միջանցքի հարցը լուծվի: Այս աստիճանի անհամբերություն:

Մյուս կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի գծով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի լսումներում, Բաքու կատարելիք իր այցին անդրադարձ անելով` նշել է, թե Ալիեւին հասկացրել են, որ խաղաղության հաստատման, խաղաղության պայմանագրի կնքման ժամանակն է, եւ միաժամանակ, Ուորլիքի պես, էլի չի թաքցրել մոտիվը` ելք, շրջանցիկ ճանապարհ Ադրբեջանով, Հայաստանով եւ Թուրքիայով ԵՄ եւ ԱՄՆ համար, որպես այլընտրանք Ռուսաստանին եւ Չինաստանին: Ասինքն` Սյունիքով անցնող ճանապարհը ԵՄ, ԱՄՆ տնտեսական շահն է նախ, առաջ դա թաքցնում էին, սքողում դիվանագիտական բառակույտերի տակ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութունը որպես գլխավոր նկարագրելով:

Եթե նայում ենք նույն համատեքստով նաեւ Հայաստանի ներսի քայլերը` թե մենք երրորդ երկրների համար պատրաստ ենք բացել հայ-թուրքական սահմանը (կարծես Հայաստանն է փակել), իսկ կառավարության նիստում էլ հրատապ հավանություն է տրվում ՎԶԵԲ բազմամիլիոնանոց վարկային համաձայնագրին`Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագրով, որով կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ` 5 թունելների, 11 կամուրջների, 68 հեղեղատների, 43 հենապատերի կառուցում,անվտանգ երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացմամբ, ապա հասկանում ես ողջ շտապողականության համատեքստը` Սյունիքի միջանցքն է պետք Ռուսաստանն ու Չինաստանը շրջանցել ցանկացողներին, իսկ դե Ռուսաստանն էլ դա կհամարի իր նոր տնտեսական, ինչու չէ` նաեւ քաղաքական պարտությունը` փորձելով դա թույլ չտալ: Հայաստանն էլ այն ուժը չունի, որ ասի` իմ շահից ելեք բոլոր կողմերդ էլ, ու վերջ:

Ու աշնան հենց առաջին օրից ողջը նորից կսկսվի` նոր տարածքներ Հայաստանից Ադրբեջանին կտրել-տալու փորձեր` սահմանազատման անվան տակ, քանի որ հենց Ադրբեջանն է չեմուչում անում խաղաղության պայմանագրին, նոր պարտադրանքներ` անունը խաղաղություն, նոր ներքաղաքական լարումներ` նույն համատեքստում, փրկիչներով եւ առաքյալներով հանդերձ: Պատերազմի սպառնալիքն էլ վրադիր:

Գումարած Բաքվի բանտերում մեր գերիների ամոթը եւ հարակից այլ ամոթներ:

Իսկ մինչ այդ մեր փրկիչները, առաքյալները, նորաթուխ պետգործիչներն ու նրանց փոխկապակցվածները մի գերխնդիր ունեն` արեւահարվել Դուբայներում եւ Միջերկրականի ափերին:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ