Գեղամ Սարյան (original) (raw)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գեղամ Սարյան
Ծննդյան անուն Գեղամ Բաղդասարի Բաղդասարյան
Ծնվել է դեկտեմբերի 25, 1902(1902-12-25)
Ծննդավայր Թավրիզ, Իրան[1]
Վախճանվել է նոյեմբերի 14, 1976(1976-11-14) (73 տարեկան)
Վախճանի վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն բանաստեղծ, թարգմանիչ, արձակագիր, գրող և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Իրան և ԽՍՀՄ
Կրթություն Արամյան (1920)
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Աշխատավայր Ավանգարդ, Մաճկալ, Բանվոր և Խորհրդային գրականություն
Պարգևներ Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան ՀԽՍՀ պետական մրցանակ և Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Գեղամ Սարյան Վիքիքաղվածքում
Գեղամ Սարյան Վիքիդարանում

Գեղամ Սարյան (իրական անունը՝ Գեղամ Բաղդասարի Բաղդասարյան) (դեկտեմբերի 25, 1902(1902-12-25), Թավրիզ, Իրան[1] - նոյեմբերի 14, 1976(1976-11-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդահայ բանաստեղծ, թարգմանիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1970, «Քրիզանթեմ» բանաստեղծությունների ժողովածուի համար)։ Ուկրաինական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1972): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ 1946 թվականին, 1962 թվականին և 1970 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Ծնվել է 1902 թվականի դեկտեմբերի 25-ին Իրանի Թավրիզ քաղաքում։ 1920 թվականին ավարտել է Թավրիզի Կենտրոնական թեմական միջնակարգ դպրոցը։ Թեմական դպրոցն ավարտելուց հետո Սարյանը մի երկու տարի ուսուցչություն է անում Պարսկաստանի հեռավոր գյուղերից մեկում, այդ ժամանակ էլ գրում է իր առաջին, տխրությամբ ու թախիծով համակված բանաստեղծությունները։ 1922 թվականից հաստատվել է Խորհրդային Հայաստանում, Գյումրիում զբաղվել ուսուցչությամբ։ 1927-1928 թվականներին աշխատել է «Ավանգարդ», «Մաճկալ», 1928-1931 թվականներին՝ «Բանվոր» թերթերում, 1934-1935 թվականներին՝ «Խորհրդային գրականություն» ամսագրում։ Այնուհետև զբաղվել է բացառապես ստեղծագործական աշխատանքով[2]։

Դեռ դպրոցական նստարանից Գեղամ Սարյանը հափշտակությամբ էր կարդում Պետրոս Դուրյանի, Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի, պարսից մեծ բանաստեղծներ Ֆիրդուսու, Օմար Խայամի, Սաադիի, Հաֆեզի ստեղծագործությունները։ Դասական քնարերգության ավանդներով սնված պատանի Սարյանը գրել է տխրահույզ, ներհուն երգեր («Օ՛, ես դեռ մանկուց...», «Ծխախոտս», «Երկնքի պես հոգի ունեմ պարզ ու մուրջ...» և այլն)։ Տպագրվել է 1919 թ.-ից։ 1925 թվականին լույս է տեսել Սարյանի առաջին գիրքը՝ «Շիրակի հարսանիքը», 1930 թվականին՝ բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Երկիր խորհրդային»։ Այնուհետև հրատարակվել են Սարյանի քնարական երգերի, բալլադների, պոեմների ժողովածուները՝ «Երկաթե ոտնաձայներ» (1933 թ.), «Միջօրե» (1935 թ.), «Գյուլնարա» (1935 թ.), «Բանաստեղծություններ» (1940 թ.), «Բալլադներ» (1944 թ.), «Հատընտիր» (1951 թ.), «Քրիզանթեմ» (1968 թ., ՀԽՍՀ պետական մրցանակ)։ Լույս են տեսել նաև «Պատմվածքներ» (1928 թ.) ժողովածուն, «Օտար մարդը» (1929 թ.) վիպակը, «Երեք երգ» (1936 թ.), «Գրիգոր Դերեն» (1967 թ.) դրամատիկական պոեմները, «Հրաշալի սերունդ» (1950 թ.) չափածո վեպը և թատերգություններ։ Իսկ ահա «Սերմնացանները» բանաստեղծությունը ողողված է պայծառ ու լուսավոր տրամադրությամբ։

Սարյանը միշտ հավատարիմ է մնացել քնարերգուի իր խառնվածքին ու ոճին. ջերմ, անմիջական, մտերմիկ, երբեմն պայծառ տխրությամբ համակված նրա երգերը հայրենիքը, սերը, ստեղծարար աշխատանքը, մարդը գովերգող ձոներ են։ Հույզի և խոհի, քնարական նուրբ խոսքի և քաղաքացիական բուռն պաթոսի ներդաշնակությամբ, թեմատիկ բազմազանությամբ, կենսական հագեցվածությամբ, գեղարվեստական հյուսվածքի ինքնատիպությամբ են հատկանշվում Սարյանի բալլադները, պոեմները, չափածո դրամաներն ու ավանդազրույցները, որոնցում պատկերվել են քաղաքացիական կռիվները և Հայրենական մեծ պատերազմի հերոսականությունը («Բալլադ սիրո և հերոսության մասին», «Լուսանկարը»), հայ ժողովրդի պատմական ճակատագրին ու հայության ազգային–հայրենասիրական ոգորումները («Դեպի կառափնարան», «Փառքի տաճարը»)։ Դասական արժեքներ են Արևելքի ժողովուրդների ազգային և հոգևոր զարթոնքի թեմաներով Սարյանի ստեղծած բալլադները («Գյուլխանդա, «Գյուլնարա, «Իրանի»)։ Նրա շատ բանաստեղծություններ երգի են վերածվել։ Նա մի տասնյակի չափ ուրախ ու գողտրիկ ոտանավորներ է գրել նաև մանուկների համար։ Նշանակալից է Գեղամ Սարյանի ավանդը ուկրաինական մեծ կոբզարի` Տարաս Շևչենկոյի ստեղծագործությունները հայերեն հնչեցնելու գործում։ Հայերեն է թարգմանել Ա. Պուշկինի, Մ. Լերմոնտովի, Հ. Հայնեի, Ի. Ճավճավաձեի, Ի. Գրիշաշվիլու ստեղծագործություններից, ինչպես նաև Մ. Տվենի «Հեկլբերի Ֆիննի արկածները»։ Սարյանի երկերը առանձին գրքով հրատարակվել են շատ ժողովուրդների լեզուներով։ Սարյանի հուզական, ջերմ ու մտերմիկ բազմաթիվ բանաստեղծություններ վերածվել են երգի ու մնայուն տեղ գրավել հայ երգացանկում։

Մահացել է 1976 թվականի նոյեմբերի 14-ին, Երևանում։

  1. 1,0 1,1 1,2 Сарьян Гегам Багдасарович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «Սարյան Գեղամ | armenianlanguage.am». www.armenianlanguage.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  3. Բաղդասարյան), Գեղամ Սարյան (pseud van Գեղամ Բաղդասարի (1982). Բանաստեղծություններ և պոեմներ. Սովետական գրող.
  4. Սարյան, Գեղամ Բաղդասարի (1989). Մանուկն ու ձյունը։ Բանաստեղծություններ ։ Նախադպրոցական տարիքի համար. Արևիկ. ISBN 9785807701442.

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 237

⛭ Թեմատիկ կայքեր Հանրային ռադիոյի արխիվ
Չափորոշչային վերահսկողությունՀԳՀԳ: 7131 · GND: 138347824 · ISNI: 0000000061614138 · LCCN: n85046265 · NTA: 393616541 · SUDOC: 255601263 · VIAF: 13734192 · WorldCat VIAF: 13734192