Սարյակներ (ընտանիք) (original) (raw)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարյակներ (այլ կիրառումներ)

Սարյակների ընտանիք (լատին․՝ Sturnidae), թռչունների դասին պատկանող, ճնճղուկանմանների կարգի մեջ դասվող ընտանիք։ Երգեցիկ թռչուն, որը ներառում է 104—118 տեսակ՝ բաժանված 25—32 ցեղերի։ Նրանց ազգակից են համարվում ագռավների, պիրոլների, Dicruridae, Mimidae ընտանիքների ներկայացուցիչները։

Փոքրամարմին կամ միջին մեծության թռչունների ընտանիք։ Մարմինը միջինում կազմում է 16,5-42 սմ[1]։ Կտուցը գրեթե այնքան երկար է, որքան գլուխը։ Վերջնամասում փոքր-ինչ կորացած է[2]։ Բայց կտուցի ձևը կարող է էականորեն տարբեր լինել տարբեր տեսակների մոտ։ Օրինակ՝ Սովորական սարյակի կտուցը կարճ է և սուր, Aplonis brunneicapilla տեսակինը՝ մեծ և երկար։ Որոշ տեսակների գլխին մազափունջ կա, օրինակ՝ Վարդագույն սարյակի մոտ։ Ոտքերն ամուր են և հարմարեցված կյանքի տարբեր պայմաններին[3]։ Դրանց ձևի շնորհիվ կարողանում են կանգնել ծառի վրա, քայլել հողի վրա։ Փետուրները խիտ են, մեծ մասամբ մուգ գունավորմամբ և մետաղային փայլով։ Տարբեր տեսակների մոտ փետուրների գույնը տարբեր է։ Հանդիպում են ինչպես վառ՝ դեղին, կարմիր, վարդագույն, այնպես էլ մուգ՝ մոխրագույն, սև երանգներ։ Դրանց փոփոխությունները կապված են բնական արեալներից, եղանակային տատանումներից, կամ կոնկրետ բնակավայրից, որտեղ բնադրում են։ Դրա օգնությամբ կարողանում են ձուլվել բնությանը և թաքնվել գիշատիչներից։ Արուների մոտ փետուրների գույնն ավելի վառ է, ինչը օգնում է բազմացման սեզոնի ընթացքում գրավել էգերին։ Շատ տեսակներ դա անում են նաև երգելու միջոցով[4]։

Առավելապես տարածված են Եվրասիայի և Աֆրիկայի երկրներում (բացառություն է կազմում Փայլուն սարյակը (Aplonis metallica), որի բնական արեալը գտնվում է Նոր Գվինեայում և Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում)։ Սարյակների ավելի մեծ տեսակային կենսաբազմազանություն հանդիպում է Հին աշխարհի տրոպիկական գոտիներում, հատկապես՝ Աֆրիկայում։ Սարյակների ընտանիքի ներկայացուցիչներ հանդիպում են նաև Հայաստանում։ Տարբեր տեսակների բնակավայրերը տեղակայված են տարբեր վայրերում։ Սարյակների ընտանիքի ներկայացուցիչների մի զգալի զանգված բնակվում է անտառային տարածքներում։ Դա կարող է լինել և խոնավ անտառները և բարեխառն գոտիների անտառներ։ Դա կապված է բնադրման համար համապատասխան վայրի ընրության հետ։ Այդպիսի վայրերում նրանք բնադրում են չորացած ծառերի փչակներում։ Այլ տեսակներ, հատկապես կապված սեզոնային միգրացիայի հետ, բնակվում են բաց տարածություններում՝ կիսաանպատներ, Աֆրիկայի սավաննաներում կամ անապատներում։ Հանդիպում են ինչպես նստակյաց, այնպես էլ քոչվոր և չվող տեսակներ։

Սոցիալական տեսակետից դիտարկելիս կարելի է սարյակների ընտանիքի ներկայացուցիչներին համարել խմբային կենդանիներ։ Սովորաբար գրեթե բոլոր տեսակներն ապրում են երամներով և հաճախ բնակվում են գաղութներով։ Առանձին տեսակների երամներ կարող են կազմված լինել հազարավոր առանձնյակներից և հասնել ահռելի չափերի։ Այդպիսի երամները երկնքում առաջացնում են սև զանգված, որը նման է լինում տորնադոյի։ Թեև այդքան շատ են մեկ երամում, բայց միևնույն է շարժվում են համաչափ։ Բացառությունների շարքին կարելի է դասել Lamprotornis shelleyi և Aplonis grandis տեսակներին, որոնք մենակյաց կյանք են վարում։

Որոշ տեսակներ այլ տեսակի թռչունների հետ շփման ժամանակ ագրեսիվ վարք են ցուցաբերում և հանում են նրանց իրենց բնակավայրերից։

Սարյակները բնադրում են բնության մեջ տարբեր վայրերում։ Բնադրում են ծառերի փչակներում, ժայռերի ծերպերին և խորքերում, քանդված պատերի խոռոչներում։ Շատ անտառային տեսակներ էականորեն կախված են փայտփորներից և Megalaima տեսակից, ովքեր, փորելով ծառերի բները, հարմար պայմաններ են ստեղծում սարյակների բնադրման համար։ Որոշ տեսակներ զբաղեցնում են այլ թռչունների բներ, իսկ որոշներն էլ իրենք են բույն պատրաստում։ Բայց բոլոր դեպքերում, բույնը ներսից պատված է լինում փափուկ ծածկույթով, որը կազմված է լինում զանազան նյութերից՝ փետուրներ, բուրդ, չորացած տերևներ և ճյուղեր։ Օրինակ՝ Աֆրկայում հանդիպող Եռագույն սպրեո (Spreo superbus) տեսակի թռչնի բույնը կառուցված է ակացիաի թփեի արանքում։

Բնի կառուցման գործընթացին մասնակցում են զույգով։ Ձվադրման ընթացքում 2-6 ձու են դնում[5], որոնց վրա նստում է էգը, որոշ դեպքերում միասին՝ միմյանց փոխարինելով։ Առավել հաճախ ձվի գույնը բաց կապտավուն է, երբեմն պուտերով։ Լինում են նաև սպիտակ, մարմնագույն։

  1. Энциклопедия Британника онлайн
  2. Սարյականմանների ցեղում ներառված ընտանիքներ։ Նկարագիր
  3. «Պատկերներ։ Գրեթե բոլոր տեսակները օգտակար են բնությանը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  4. «Ճնճղուկանմանների կարգ։ Սարյակների ցեղ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  5. Սարյակների ձվադրում
⛭ Բառարաններ և հանրագիտարաններ Բրիտանիկա (11-րդ) · Բրիտանիկա · Բրիտանիկա · Մեծ կատալոնական · Մեծ նորվեգական · MESH ID
Տաքսոնոմիա EOL · GBIF · iNaturalist · NCBI · IRMNG · ITIS TSN · WoRMS
Չափորոշչային վերահսկողությունBNE: XX531822 · BNF: 161834448 · GND: 4138956-6 · LCCN: sh85129362 · Microsoft: 2777011573 · NKC: ph127870