Սասուն (original) (raw)
ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ
[էջ 211]
ՍԱՍՈԻՆ
Եթե Տարոնից իջնենք քիչ հարավ և անցնենք Տավրոսը, ապա մեր առաջ կբացվի անառիկ Սասունը, մեր ժողովրդական էպոսի «Սասունցի Դավթի» դյուցազունների հայրենիքը։
Սասունը գտնվում է Վանա լճից արևմուտք և հարավ–արևմուտք, Մուշ քաղաքից հարավ։ Սասունցիները իրենց երկիրը անվանում են գավառ։ Սասուն անունով կա մի փոքրիկ գյուղ, որը գտնվում է այդ գավառի հարավային մասում:
Մշեցիները Սասունը Ծմակ էին կոչում, որ նշանակում է քիչ արև ստացող, խոնավ լեռնային վայր։
Սասունն անառիկ երկիր է, ունի բնական ամուր դիրք։ Նա լեռների, ժայռերի, քարանձավների, խոր կիրճերի և լեռնահովիտների մի աշխարհ է։ Սասունը հռչակվել է իր անմահ «Սասունցի Դավիթ» էպոսով, սրտեղ տրված է հայ ժողովրդի հերոսական պայքարը ընդդեմ արաբական տիրապետության։ Պատմական Հայաստանում Սասունը համար–
[էջ 212]
վում էր Աղձնիք նահանգի (աշխարհի) մի գավառ։ Սասունից հյուսիս-արևելք ընկած Խոյթը կամ Խութը Տուրուբերան նահանգի գավառներից մեկն է:
Սասուն լեռնաշխարհը իր հյուսիսային լանջով հարում է Մուշի դաշտին, իսկ հարավում` Վերին Միջագետքի այն հարթություններին, որոնք սահմանակից են Արևմտյան Տիգրիսի ու նրա ձախափնյա վտակների հովիտներին։ Սասնա սարերից ձյան հալոցքից ու անձրևներից գոյացած կարկաչահոս աղբյուրներն ու գետակները իրենց հորդահոս ջրերով ծնունդ են տալիս բազմաթիվ գետերի (Բաթման, Խարազան և այլն), որոնք դեպի Արևմտյան Տիգրիս են հոսում։
Սասուն լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան մասով անցնում է Կորդուքի շղթան, որի հետ հարավ-արևմուտքում կապված է Անդոկի լեռնաբազուկն իր նույնանուն գագաթով։ Այս լեռնաբազուկից արևելք ընկած է Կեպին սարը։
Մարաթուկ լեռը, որի վրա կառուցված է ս. Աստվածածին վանքը, Սրվանձտյանը անվանում է «սուրբ և բարեպաշտ» և Սասունի ամբողջ ժողովրդի համար՝ առաջին և վերջին ամենահավաստի երդումն է դարձել։ «Հընը Մարաթուկ վկա. տհընը սուրբ Մարաթուկ գինա»։ Ծովասարը գտնվում է Տալվորիկ գավառի արևելյան մասում։ Լեռը Ծովասար է կոչվել գագաթին եղած ծովակի (լճի) պատճառով։ Այս դալարագեղ ու ծաղկավետ սարը եղել է «Սասունցի Դավիթ» էպոսի հերոսների «սեհր անելու տեղ» (զբոսավայր)։
Ծովասարի արևմտյան լանջերից է հոսում Անդոկաջուրը, որը բազմաթիվ վտակներ ընդունելով, դառնում է Բաթմանի գետ։ Այստեղ է «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունում հիշատակվաւծ կամուրջը, որը տանում է Հաջո քաղաքից (հարավային Սասուն) դեպի Տիգրանակերտ:
Ծովասարը և Մարաթուկ սարերի աղբյուրները սկիզբ են տալիս Սասնա գետին։ Հետագայում նա կոչվում է Խարազանի գետ։ Դեպի արևելք հոսող գետակները իրենց ջրերը տանում են դեպի Բիթլիս-չայ։
Սասունի ժողովուրդը վարում էր գերազանցապես նահապետական կյանք, այսինքն՝ մի տան մեջ կարելի էր հանդիպել մի քանի տասնյակ մարդու, որոնք մի գերդաստան էին կազմում։
[էջ 213]
Սասունցիները աշխատասեր, ազնիվ և քաջ էին։ Քաջության մեջ տղամարդկանցից ետ չէին մնում նաև կանայք, որոնք ազատ գործածում էին հրազենը։ Սասունցին իր քաջությունը պահպանել է հին ժամանակներից և սերնդե-սերունդ անցել է նրա ազատասիրությունը, որին նպաստել է նաև նրա երկրի անառիկ դիրքը։ 1894 թվականին Գելիեգուզան, Շենիկ, Սեմալ, Տալվորիկ և ուրիշ գյուղերի բնակիչները կռվելով քուրդ զինված հրոսակների դեմ, հաղթեցին և ետ մղեցին թշնամուն ու շրջակա ռազմատենչ ցեղերի վրա ահ ու սարսափ տարածեցին։ Հետագայում դուրս եկան թուրք կանոնավոր զորքերի դեմ, կենտրոնացան Անդոկ լեռան վրա և իրենց անվեհեր քաջությամբ հրաշքներ գործեցին։
Սասունցիները նույն բարբառով չէին խոսում, այսպես օրինակ, տալվորիկցիների բարբառը միանգամայն տարբեր էր շատախցիների բարբառից։
Սասունցիների հագուստը շատ պարզ էր։ Թե տղամարդիկ և թե կանայք հագնում էին շապիկ, որի վրա գցում էին երկար շղարշներ, իսկ տղամարդիկ հագնում էին կարճ վերնազգեստ։ Տղամարդու շապիկը հասնում էր մինչև ծնկները, իսկ կանանցը՝ մինչև գետին։ Տղամարդիկ գլխներին դնում էին գդակներ, քոլոզներ, արախչիներ (անմիջապես գլխի վրա հագնվող թեթև գլխարկ, վրայից երբեմն (ծածկում են փափախ), որոնց շուրջը փաթաթում էին ծոպավոր թաշկինակներ: Արախչիները կամ գնում էին պատրաստի կամ հաճախ գործում էին կանայք բրդից կամ մետաքսից։ Կանանց մոտ սովորություն կար գլուխները զարդարել ինչպես արծաթյա, նույնպես և ոսկյա դրամներով։
Սասունցիների կոշիկները պատրաստվում էին կաշվից։ Բայց շատ տարածված էր նաև այծի մազից (խարուկ) պատրաստված կոշիկների գործածությունը։ Իսկ ձմռանը ձյան վրա քայլելու համար գործածում էին փայտյա կոշիկներ, որը կոչվում էր լաքան։ Դա թույլ չէր տալիս խրվելու ձյան մեջ։ Ի դեպ, դա փայտյա մի տախտակ էր, որը ոտքին ամրացնում էին կապիչներով։
Տները Սասունում, ճնշող մեծամասնությամբ, միհարկանի էին, սակայն պատահում էին նաև երկհարկանի տներ։
[էջ 214]
Տալվորիկում կարելի է հանդիպել նույնիսկ երեքհարկանի շենքերի։
Սասունը հարուստ է անտառներով, որոնք հիմնականում տարածված են Սեմալի մոտ, Տալվորիկի լեռնալանջերում, Ղուլփի կամ Խուլփի գյուղերի սահմաններում, ինչպես նաև Ընձաքարի մոտ։ Սասունի անտառները ժամանակի ընթացքում մարդիկ անխնա կտրատում էին և օգտագործում իրենց կարիքների համար, հատկապես որպես վառելիք։ Անտառը շատ շուտ էր վերականգնվում և երբեք չէր զգացվում անտառանյութի պակաս։ Բացի անտառից, Սասունը հարուստ էր նաև խոտային բուսականությամբ, որտեղ աչքի էին ընկնում երեքնուկը և խավրծիլը։ Խավրծիլ բույսը ունի լայնատարած մեծ տերևներ և ուղղաձիգ երկար զոխ, որը վերջանում է մի փոքրիկ փնջով։
Սասունի լեռներում, հատկապես արևոտ մասերում աճում է կազը։ Կազը ունի գեղեցիկ մանքիշակագույն և դեղին ծաղիկներ, որոնք թաղված են փշերի ծոցում։ Այդ ծաղիկները համեղ կեր են ոչխարների համար։ Կազի խոշոր տեսակի թփերը այնքան մեծ են, որ երբեմն մի թուփը դառնում է մի շալակաբեռ։ Կազը կտրելու համար գործածում են մի հատոց կամ մի հաստ դանակ՝ կեռ ծայրով (տեղացիների լեզվով քշուշ)։ Կազը տալիս են հատկապես եզներին, որը ուժ է տալիս կենդանուն և գիրացնում։
Պտղատու ծառատեսակներից տարածված է ընկուզենին և պատահական չէ, որ Սասունում շատ տեղանունների հիմքում ընկած է ընկույզ բառը, օրինակ՝ Գելիեգուզան գյուղի անունը եթե քրդերենից թարգմանենք հայերեն, կստացվի ընկույզաձոր, ինչպես նաև Ընկույզնակ գյուղը, որի հիմքում ընկած է ընկույզ բառը։ Պտղատու ծառատեսակներից տարածված են թզենին, տանձենին, խնձորենին, ծիրանին, թթենին։ Սասունում աճում է նաև խաղող, որի մշակությամբ հայտնի է Ղանքի կամ Խիանքի շրջանը։
Սասունում գյուղատնտեսության համար հողային ընդարձակ տարածություններ չկային, իսկ եղած հողակտորները ընկած էին այս կամ այն տեղ, ձորամեջերում, գետակների ափերին։ Արհեստական պարարտացման համար օգտագործում էին գոմաղբը։
[էջ 215]
Լեռնային մասերում զբաղվում էին հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, որոնց մեջ աչքի էր ընկնում նաև գլգելը1, որը հատուկ է Սասունին և մասամբ էլ Մուշին։ Առավել տաք շրջաններում զբաղվում էին բամբակագործությամբ։ Տարածված էր նաև շերամապահությունն ու այգեգործությունը։ Սասունում ստացված հացը իրեն լրիվ բավարարում էր, այնպես որ սասունցիները ոչ մտածում էին ուրիշ տեղից հաց գնելու և ոչ էլ ուրիշ տեղ հաց վաճառելու մասին։ Սասունում մշակում էին նաև կտավհատ, կանեփ, սիսեռ, կարտոֆիլ, շաղգամ, կաղամբ։
Սասունի գյուղատնտեսության մեջ զգալի տեղ է բռնում նաև անասնապահությունը։ Այստեղ պահում էին կով, եզ, ոչխար, այծ, ձի, էշ, ջորի։ Սասունցիների համար ամենասիրելի կենդանին ոչխարն էր, որին մաքի էին ասում։ Սասունի ոչխարները սպիտակամազ էին և կակուղ բուրդ ունեին: Պահում էին նաև մեծ թվով այծ, որը ավելի շատ էր կաթ տալիս։ Շենիկ և Սելամ գյուղերը հայտնի էին իրենց խաշնարածությամբ։ Շենիկ գյուղն ուներ մի ընդարձակ մարգագետին, որը կոչվում էր Մրկեմուզան։
Շերամապահությամբ աչքի էին ընկնում Ղուլփի և Ղիանքի շրջանները՝ այդ թվում Իշխնձոր, Արազուն և Փարգա գյուղերը։ Իսկ մեղվաբուծությամբ զբաղվում էին համարյա ամենուրեք։ Տալվորիկը համարվում էր մեղվաբուծության գլխավոր շրջանը։
Սասունում շատ էր տարածված մանանան կամ կազբան, որը ծառերի վրա իջնում է հուլիս ամսին։ Մանանան չի թափվում անձրևի կամ ձյան տեսքով, այլ կամաց-կամաց աննկատելի ծածկում է ծառերի տերևները։ Այդ օրերին օդը մառախլապատ է լինում, կարծես թե մշուշով վարագուրված։ Մանանան հավաքելու համար լվանում են ծառի տերևները և հյութը լցնում ամանի մեջ։ Երբ մանանան նստում է ամանի հատակին և ջուրը առանձնանում է, ապա այն լցնում են կաթսայի մեջ և լավ խառնելով եփում։ Եփած մանանան
--------------------------------
1 Գլգելը ունի բարձր ցողուն, որի ծայրին գլխիվայր կախված է կլոր, սպիտակ հատիկներով լի ողկույզանման մի գունդ, մոտավորապես շամամի մեծության։
[էջ 216]
շաքարանման է, քաղցր և սննդարար: Ի դեպ, մանանա հանդիպում ենք նաև անապատային օազիսներում, ծառերի վրա։ «Մանանա» թևավոր խոսքը գործածվում է երկնքից թափվող բարիքի իմաստով։ Ըստ Հին Կտակարանի մանանան տեղաց երկնքից, որպեսզի կերակրվեն Սինայի անապատում թափառող եգիպտական գերությունից ազատված հրեաները։
Օգտակար հանածոներից Սասունը հարուստ է առաջին հերթին երկաթով, որի պաշարները հիմնականում գտնվում են Տալվորիկի լեռներում։ Սասունցիները երկաթ օգտագործել են վաղ ժամանակներից։ Երկաթը սասունցիների մոտ մտել է նույնիսկ ժողովրդական երգի մեջ.
Շինեմ փետատ, խուփ, խաչերկաթ1
Ծանր է դադումս, բայց եմ ազատ:
Մինչև Սասունի հայաթափ լինելը, այստեղ տարեկան ստանում էին 95—115 տոննա երկաթ, որը պրիմիտիվ եղանակների պայմաններում այնքան էլ փոքր թիվ չի կազմում: Սասունի լեռներում, բացի երկաթից կա նաև պղինձ և այլ օգտակար հանածոներ։
Սասունը բաժանվամ է մի շարք գավառակների, որոնց սահմանները համընկնում են այն գետերի ու գետակների ավազանների հետ, որոնք հոսում են Սասունի անդնդախոր ձորերով ու հովիտներով։
Այսպես, Անդոկի շղթայից արևմուտք ընկած է Խուլպ գավառակը, Անդոկաջրի վերին ավազանում Շատախը, միջին հոսանքում ընկած են երկու փոքր գավառակներ` Խիանք և Փղանք։
Խարազան գետի վերին հոսանքներում է գտնվում բուն Սասունը, այս մասում Խարազանը կոչվում է Սասունի գետ։ Այստեղ, գետի վրա է գտնվում Դավթի բերդերից մեկը։ Ինչ վերաբերում է Բոդկան գյուղին, ապա նա գտնվում է Ծովասարի լանջին և այստեղ է Դավթի մեծ բերդը, որը ըստ ավան–
----------------------------
1 Խաչաձև շինված երկաթի շերտեր են, դնում են թոնրի վրա և կերակրի պուտուկները կամ պղինձները շարում վրան։
[էջ 217]
դության կառուցել են Սանասար և Բաղդասար հսկաները։ Այս գյուղը իր հուշարձաններով, աղբյուրներով ու անուններով կապված է դյուցազն Դավթի հետ։
Սասուն անունը ժողովրդական ստուգաբանությունը հանում է «սասումից», որի հիմքում ընկած է ցասում-զայրույթ բառը։ Անունը ցույց է տալիս սասունցիների ցասկոտ լինելը շրջապատի թշնամիների համար։
Սասունի լեռնաշխարհում նշանավոր են հետևյալ գավառակները, որոնք ունեն ուրույն բնություն։ Դրանք են՝ Շատախ, Գելիեգուզան, Տալվորիկ, Ծովասար և Խութ։ Խութ գավառակում է գտնվում ս. Աղբրիկ վանքը։
Սասունցիները միշտ էլ եղել են անկախ, ինքնիշխան և ընդհանրապես անընկճելի են իրենց մղած դյուցազնական մարտերով՝ ընդդեմ թուրք բռնակալների։
1915 թվականի եղեռնի օրերին սկիզբ առնող տեղահանության աղետին ենթարկվեցին նաև Սասունի հայերը, որոնք ևս ինքնապաշտպանության հերոսական կռիվներ մղեցին։
Սասուն անունը դարձել է մեր ազգային հպարտությունը։ Սասունցիների ազատագրական պայքարի մասին շատ հիշատակներ կան։ Ստեղծվել են ոգեշունչ երգեր.
Տալվորիկի զավակ եմ քաջ,
Չեմ խոնարհիր թուրքին առաջ,
Քարուտ լերանց ազատ լաճ,
Չեմ տեսեր ոչ արոր, ոչ մաճ...
Մեզնով պարծի այսօր Սասուն,
Մենք ենք խրախոյս Հայոց նըկուն,
Տալվորիկ սար, ժեռոտ Զեյթուն,
Տան իրարու ազատ ողջույն...։
Սասունը հարուստ է նաև պատմական հուշարձաններով, խաչքարերով, որոնք հայտնի են իրենց արձանագրություններով։
Սասունի և սասունցիների մասին իր ժամանակին գրել է պատմաբան Թովմա Արծրունին։ Սասունի մասին գրվել է նաև պատմական ու ազգագրական ուումնասիրություններ։
[էջ 218]
Օտար ճանապարհորդներից Սասուն է այցելել նաև անգլիացի Էմիլ Տիլոն, որը հետագայում, հրատարակեց մանրամասն տեղեկություններ Սասունի մասին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |
Լրացուցիչ տեղեկություններ |
---|
Աղբյուր.Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979 Տրամադրեց. Միքայել Յալանուզյան |