Հաղարծին (original) (raw)

Կամսար Ավետիսյան,

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ


[էջ 126]

ՀԱՂԱՐԾԻՆ

Դիլիջանի շրջակա պատմական հուշարձաններից են Հաղարծինը և Գոշավանքը։ Վերջինս հայտնի է եղել նաև Նոր Գետիկ անունով։ Այս վանքի հիմնադիրն է հայ մշակույթի խոշորագույն երախտավոր, նշանավոր դատաստանագիր և առակախոս Մխիթար Գոշը։

Հաղարծինի և Գոշավանքի կառուցման ժամանակաշրջանում ստեղծվեցին հայ ճարտարապետական և շինարարական մտքի այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Հաղպատի զանգակատունը, Գանձասարի վանքը և այլ կոթողներ։

Դիլիջանի շրջանում եղած պատմական նշանավոր հուշարձանները կառուցվել են հիմնականում Զաքարյանների դինաստիայի իշխանության ժամանակ։ Հաղարծինը և Գոշավանքը պատկանում են ճարտարապետական այն անսամբլների թվին, որոնք կառուցվեցին Հայաստանում՝ 12—13-րդ դարերի ընթացքում: Վանքային այս համալիրները կառուցված են մեծ ճանապարհներից ու քաղաքների աղմկալի կյանքից հեռու, լեռների գեղատեսիլ բնության գրկում, առավել ապահով տեղում։

Հաղարծինը գտնվում է Դիլիջանից 18 կիլոմետր հեռու, Իջևան տանող խճուղուց մոտ յոթ կիլոմետր հեռավորության վրա։ Հարավային կողմում գտնվող ձորակում հոսում է Հա–

[էջ 127]

ղարծին գետակը, իսկ արևելյանով՝ Մեծ Աղբյուրը։ Վերջինիս ջուրը ներկայումս օգտագործվում է Կույբիշևի (Զար–խեչի) համար որպես խմելու ջուր։

Հաղարծինի վանքային համալիրը բնության և ճարտարապետության մի սքանչելի ներդաշնակություն է։

Հայկական վանքային հուշարձանախմբում կառուցվող եկեղեցիների հիմնական տիպը, սկսած հինգից յոթերորդ դարերի ընթացքում, գմբեթավոր եկեղեցիներն են, որը կոչվում է կաթուղիկե։ Գմբեթը հիմնված է չորս սյուների վրա, որոնք իշխում էին անսամբլի վրա, որպես կենտրոնական ու գլխավոր շենք։

Հաճախ նույն համալիրում եկեղեցիների թիվը լինում է մեկից ավելի։ Այդ դեպքում մյուսները, ստանում են ենթակա դեր, գլխավոր եկեղեցու նկատմամբ:

Բացի եկեղեցուց, վանքային համալիրի մեջ մտնում էր գավիթը, սեղանատունը, զանգակատանը, գրատունը, աղբյուրը, խաչքարերը և այլ կոթողներ։

Ուշադրության է արժանի սեղանատունը։ Այս շենքը Հաղարծինի նշանավոր կառույցներից է։ Այս ընդարձակ սրահի խաչավորվող կամարները պահում են քարե առաստաղը։ Նայողը չի զգում առաստաղի ծանրությունը, որովհետև վարպետորեն կառուցված կամարները թեթևությամբ են պահում։

Հաղարծինը միջնադարյան հայկական նշանավոր վանքային հուշարձաններից մեկն է։ Վանքը սկսեց ծաղկել տասներեքերորդ դարի երեսնական թվականներից, երբ Խաչատուր վարդապետը՝ առաջնորդ էր այստեղ, որի օրոք Հաղարծինում մեծացավ նաև միաբանությունը։ 1254 թվականին Խաչատուր վարդապետը իր Բարսեղ եղբոր հետ կառուցում է ս. Գրիգորի գավիթը։

1256 թվականին, Հաղարծինի վանքի առաջնորդ է նշանակվում Հովհաննես Արմանեցի վարդապետը, որը նույն տարում սրբատաշ քարերից կառուցում է մի ընդարձակ սեղանատուն՝ միաբանության համար։ Հովհաննես վարդապետը առաջնորդ էր նաև Գետիկ վանքում։ Նա այստեղ իր առաջնորդության ժամանակ եպիսկոպոս է ձեռնադրվում և

[էջ 128]

որոշ ժամանակից հետո ընդմիշտ փոխադրվում Հաղպատի նշանավոր վանքը։

Հաղարծինի վանքային հուշարձանախմբի մեջ մտնում են երեք եկեղեցի՝ ս. Աստվածածին, ս. Գրիգոր և ս. Ստեփանոս։ Հուշարձանախմբի մեջ մտնում է նաև հայկական ինքնատիպ մի հոյակապ սեղանատուն։

Սուրբ Աստվածածնի տաճարը բավականին բարձր շինություն է։ Հատակագծում ունի խաչի տեսք։ Կառուցված է հայկական գմբեթավոր տաճարի ոճով, բարձրանում է չորս կամարներով, առանց սյունաշարի։ Կառուցված է 1071 թվականին։ Վերակառուցվել է 1281 թվականին։ Ավելի լավ է պահպանվել և ս. Աստվածածին եկեղեցին։ Ընդ որում մյուս երկուսը խախտված վիճակում են։

Ս. Գրիգոր եկեղեցին կառուցվել է 10—11-րդ դարում: Իսկ գավիթը՝ 13-րդ դարում։

Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1244 թվականին, որը ինքնին ս. Աստվածածին եկեղեցու փոքրածավալն է և գտնվում է նրանից աջ։

Հաղարծինի հուշարձաններից ասացինք, որ նշանավոր է նաև Սեղանատունը, որը կառուցվել է 1248 թվականին, Մինաս ճարտարապետի կողմից։ Վերևում գտնվում են երկու գմբեթ, որոնք լուսավորում են սեղանատունը և հիշեցնում են հայկական ազգային երդիկները։ Ճշմարիտ է ասված, որ Հաղարծինի սեղանատունը իրոք որ հայկական դասական աշխարհիկ ճարտարապետության գլուխգործոց է, թե՛ ծածկի կոնստրուկցիայով և թե՛ ներքին տարածության կազմակերպումով։ Բնակելի շենքերի այդ ձևը տնտեսապես իրեն արդարացրել է։ Նա թե՛ ջերմատարող է, թե՛ լուսավորվում է վերևից և թե՛ ընդարձակ է։ Հաղարծինի սեղանատան տանիքը հենվում է սյուների վրա, որոնք նայողին զարմանք են պատճառում և վկայում այն մասին, որ մաթեմատիկան իրոք որ ինչպիսի բարձր հիմքերի վրա է գտնվել միջնադարյան Հայաստանում։

Թե՛ Հաղարծինում և թե՛ Գոշավանքում կան արեգակնային ժամացույցներ։ Ինչպես հայտնի է, անցյալում, Հայաստանի շատ վանքեր ու եկեղեցիներ օգտագործել են նման ժամացույցներ։ Դրանք անհրաժեշտ էին հատկապես ժամեր–

[էջ 129]

գության ժամանակը իմանալու համար։ Այս տիպի ժամացույցի գործածությունը Հայաստան մուտք է գործել Արտաշես Բ. թագավորի ժամանակ՝ «յամի Տեառն 88—130, որով վարվում էին քրմապետք Արմավիրում պաշտոն կատարելու միջոցին»։

Այցելուն դժվարությամբ է բաժանվում միջնադարյան նշանավոր վարդապետարաններից մեկից՝ Հաղարծինից, բնություն ու ճարտարապետության այդ գեղեցիկ հուշարձանից։


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |

Լրացուցիչ տեղեկություններ
Աղբյուր.Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979 Տրամադրեց. Միքայել Յալանուզյան